Երգ Առաջին Սիրո

Զուր փնտրեց հոգիս սրտիդ հուրը
Եվ երգեց սիրով տխրագին,
Պատասխան չկար, հույսն իմ զուր էր,
Մի ուրիշն էր թովել քո հոգին:

Առաջին այդ սիրուց, ահա, ես չունեմ դադար,
Բայց կապրես իմ երգում ոսկեվառ:

Միտք արի` կօգնի բաժանումը,
Քո սիրուց թողի, հեռացա:
Տարիներ անցան, բայց անունդ
Իմ ճամփին ես երբեք չմոռացա:

Առաջին այդ սիրուց, ահա, ես չունեմ դադար,
Բայց կապրես իմ երգում ոսկեվառ:

Ինձ հեռվում ապրել շատ դժվար էր,
Ես նորից հույսով ետ եկա.
Իմացիր, հոգիս, սերս վառ է,
Ինձ նման քեզ սիրող էլ չկա:

Առաջին այդ սիրուց, ահա, ես չունեմ դադար,
Բայց կապրես իմ երգում ոսկեվառ:

Սիրո Երգ

Փռվել էր շուրջը գարուն,
Եվ նազում էր կեչին,
Գարնան արևն էր բուրում 
Մեր համբույրն առաջին:

Զեփյուռն էր խաղում թփերում,
Վարսերդ մեղմիկ գուրգուրում,
Կրկնում էր երգիս հետ շարունակ` 
“Իմ անուշ, իմ միակ”:

Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում,
Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում,
Դու իմ սիրո արև, իմ բերկրանք, 
Իմ անուշ, իմ միակ:

Արդեն օրեր են անցել,
Միշտ ինձ հետ ես անգին,
Բայց մենք դեռ չենք մոռացել
Այն գարունն ու այգին:

Գնում ենք այնտեղ միասին 
Հիշում մեր համբույրն առաջին,
Կրկնում ենք մի ծանոթ եղանակ. 
“Իմ անուշ, իմ միակ”:

Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում…