Արի իմ սոխակ

Արի՛,

իմ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բեր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է.— դու սոխակ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե տիրացու դաոնալ։

Եկ, աբեղաձագ, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե տղիս, քընի է կարոտ.
Բայց նա լալիս է.— տատրակիկ, մի գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։

Թո՛ղ դու տատրակիկ, քո ձագն ու բունը
Վուվուով տղիս բեր անուշ քունը.
Բայց նա լալիս է— տատրակիկ, մի գալ,
Իմ որդին չուզե սգավոր դառնալ։

Կաչաղակ՝ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղակ, մի գալ,
Իմ որդին չուզե սովդագար դառնալ։

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասիրտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե…
Բազեն որ եկավ՛ որդիս լոեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ։

Ari-im-sokhak

Էրեբունի Երևան

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի:
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի,
Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել:
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Սարդարապատ

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար.
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած, շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Բայց մենք չընկանք,
Մենք միշտ կանք,
Մենք չհանգանք դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը.
Որ մեր հոգու պարտքը տանք:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

 

Ազգ Իմ Փառապանծ

Հայաստան աշխարհ, դու մեր կարոտն ես՝ քո կյանքով անմահ.
Քո ճամբան հնում արնոտ, քարոտ էր. դու ծաղկիր հիմա:
Ուր լինենք հավետ քո հուր կարոտը տունն է հայրենի,
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ.
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:

Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը, հանուն հայության.
Թող անմար պահի նա իր հավատը հուր եւ հավիտյան:
Ուր լինենք հավետ քո հուր կարոտը տունն է հայրենի.
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ.
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:

Անդրանիկ Փաշա

Անտարբեր մի եղիր հայ ազգի համար,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա,
Շրջիր հայկական զորքերի առաջ,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Մատաղ լինեմ քեզ, Քեռուն ու Սմբատին,
Որ միշտ պաշտպան էին Հայկական Դատին,
Փրկարար բազուկդ շարժիր վերստին,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Չեմ կարող հաշտվել այն վճռի հետ,
Որ այլոց պիտ մնան Մուշն ու Մուրադ գետ,
Հայերի զորավար, քաջ սպարապետ,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Լսիր Հայրիկ երգչի աղերսաբանը,
Հարություն առ, պատռիր քո սուրբ դամբանը,
Քեզ է սպասում Հին Հայաստանը,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Ադանայի Կոտորածը

Կոտորածն անգութ, հայերը թող լան,
Անապատ դարձավ շքեղ Ատանան:
Կրակը, սուրը ու անխիղճ թալան,
Ռուբենյաց տունը, ա՜խ, ըրավ վերան:

Ալ մի’ տար լույսդ, պայծառ արեգակ,
Լուսին, շուրջ կապե դուն սուգի մանյակ,
Անցավ մեր երկրեն հարավի խորշակ,
Չորցուց, թոռմեցուց ծառ-ծաղիկ համակ:

Րոպե մը չանցավ ու հայոց խեղճեր,
Ինկան սուրին տակ խուժանին ահեղ:
Ժամեր ու դպրոց բոցի մեջ կորան,
Բյուրավոր հայեր անխնա մեռան:

Պարապ է ավա՜ղ, հարուստ Ատանան,
Մոխիր է դարձեր ամբողջ Կիլիկյան,
Միայն ապրեցավ Հաճընը սիրոյն,
Ինչո՞ւ չի շարժիր ապառաժ Զեյթուն:

Երեք օր գիշեր կրակը մեջեն,
Թշնամվույն սուրը, գնդակը դրսեն,
Ջնջեցին հայը երկրին երեսեն,
Արյուն կը վազե մեր ջինջ գետերեն:

Ալ բավ է որքան վատերուն լուծը
Կրեցինք, թողունք մեր լացն ու կոծը,
Օտարին տունը ալ չէ ապահով,
Հայ հողի վրա մեռնինք մենք փառքով:

Ո՞Ւր Էիր Աստված

Ո՞ւր էիր, Աստված, երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ,
Ու՞ր էիր, Աստված, երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ
Ո՞ւր էիր, Աստված, երբ ավերում էին չքնաղ մի երկիր,
Ո՞ւր էիր, Աստված, երբ, խենթացած ցավից, աղաչում էինք
Ամեն

Ո՞ւր էիր, Աստված, երբ արդարույթյան աչքերը կապվեց,
Ո՞ւր էիր, Աստված, երբ շուրթերին ազգիս աղոթքը սառեց
Ո՞ւր էիր ,Աստված, երբ փրկության կանչով երկինքը ցնցվեց
Լուռ էիր Աստված, երբ, խաչերին գամված, աղոթում էինք
Ամեն

Իմ կարոտ հոգում, չկար ուրիշ հավատք և սեր, դու իմ Տեր,
Ես քեզ հավատում ու աղերսում էի ինչպես մի անխելք:
Ո՞ւ ր էիր, Աստված, երբ հոշոտում էին չքնաղ մի երկիր
Ո՞ւր էիր Աստված, երբ հույսերս կտրած աղոթում էինք
Ամեն

Ուժ տուր մեզ, Աստված, որ ալեկոծ կյանքի ծովում չկորչենք,
Սիրտ տուր մեզ, Աստված, որ տառապանքի շուրթերը ջնջենք,
Լույս տուր մեզ, Աստված, որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք,
Հույս տուր մեզ, Աստված, որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից
Ամեն…

Արիւնոտ Դրօշ

Արիւնոտ դրօշ վեհ Դաշնակցութեան
Ծածանեց ընդդէմ բռնակալութեան,
Յոյսով լեցուեցաւ սիրտը հայութեան,
Երկիւղը պատեց կայսեր Օսմանեան։

Մեծ մարդասպանը սաստիկ զայրացաւ, 
Հայեր ջնջելու հրաման տուաւ՝
Քանդել Հայաստան, ջնջել հայ անուն,
Որ չխանգարուի իր ազատութիւն։

Բայց զէնք ի ձեռին՝ ոտքի կանգնեցան
Ջան ֆետայիներ, առիւծի նման:
Կռիւ կը մղէր հերոս Անդրանիկ, 
Սարսափը տիրեց Օսմանեան զօրքին։

Արի՜ք, հայկազունք, գոչենք միաձայն,
Սրտագին գոչենք Կեցցէ՜ Հայաստան,
Կեցցէ Հայաստան եւ ազատութիւն,
Հայրենեաց պաշտպան վեհ Դաշնակցութիւն։
Դաշնակցութիւնը յաղթեց սուլթանին,
Նո՜ր արեւ, նո՜ր կեանք պարգեւեց հային։

Չըմնանք հայե՜ր, օտար լուծի տակ,
Հերիք է հայուն այսքան համբերել,
Թո՜ղ չծաղրէ մեզ անգութ թշնամին,
Մինչեւ որ հասնինք մեր նպատակին,
Սիրենք միութիւն, չանենք վատութիւն,
Մի՜շտ բարձր պահենք հայութեանն անուն։

Ես Իմ Անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
ՈՒ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

ՈՒր էլ լինեմ — չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:


Կատարում՝ Նշան Ջաղացպանյանի:


Ասմունք՝ ՀՀ ժողովրդական արտիստ Աիդա Ներսիսյանի:

Երկիր Հայրենի

Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր,
Հայաստան:

Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Արծվաբուն երկիր:

Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր,
Հայաստան:

Կատարում՝ Շուշան Պետրոսյան, Հայկո