Փախի’ր Այծյամ

Անհոգ ես, չես գիտեր ինչ կա քո մասին,
Պըտըտվում են քո խեղճ անձիդ վնասին,
Գամբռներով, բարակներով միասին,
Փախի’ր, այծյամ, փախի’ր որսկան է գալիս,
Ձագուկներդ տխուր լալիս են լալիս:

Որսկանը ճըրագով քեզի ման կուգա,
Կուզե յուր ձեռքը քո արյունով լվա,
Խղճալի քո տեղյակ սար ու ձոր կուլա
Փախի’ր այծյամ…

Որսկանը գութ չունի, կանե կրակը,
Կամ քեզի կըսպանե կամ քո զավակը,
Զուր չի անցնիլ հրացանի գնդակը,
Փախի’ր այծյամ…

Դաշտումը չես ման գար, թե մտածես լավ.
Քեզ կըվիրավորեն, կստանաս մեծ ցավ,
Դուրս մի ելնիր խիտ անտառից դու բնավ,
Փախի’ր այծյամ…

Ձորեր մի’ մտնիր` այնտեղ վտանգավոր է,
Որսկանը ման կուգա այնտեղ` սովոր է,
Քարայրից խփելով քեզ կըգլորե,
Փախի’ր այծյամ…

Advertisements

Ձախորդ Օրերը

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան.
Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար,
Որպես հաճախորդ շարվեշարան կուգան ու կերթան։

Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից
Ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը ծաղիկ,
Ո~րքան մանուշակ, վարդ բալասան կուգան ու կերթան։

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։

Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան.
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը հյուր են,
Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան։


Կատարում՝ Գուրգեն Դաբաղյան