Ազգ Իմ Փառապանծ

Հայաստան աշխարհ, դու մեր կարոտն ես՝ քո կյանքով անմահ.
Քո ճամբան հնում արնոտ, քարոտ էր. դու ծաղկիր հիմա:
Ուր լինենք հավետ քո հուր կարոտը տունն է հայրենի,
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ.
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:

Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը, հանուն հայության.
Թող անմար պահի նա իր հավատը հուր եւ հավիտյան:
Ուր լինենք հավետ քո հուր կարոտը տունն է հայրենի.
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ.
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:

Երգ Առաջին Սիրո

Զուր փնտրեց հոգիս սրտիդ հուրը
Եվ երգեց սիրով տխրագին,
Պատասխան չկար, հույսն իմ զուր էր,
Մի ուրիշն էր թովել քո հոգին:

Առաջին այդ սիրուց, ահա, ես չունեմ դադար,
Բայց կապրես իմ երգում ոսկեվառ:

Միտք արի` կօգնի բաժանումը,
Քո սիրուց թողի, հեռացա:
Տարիներ անցան, բայց անունդ
Իմ ճամփին ես երբեք չմոռացա:

Առաջին այդ սիրուց, ահա, ես չունեմ դադար,
Բայց կապրես իմ երգում ոսկեվառ:

Ինձ հեռվում ապրել շատ դժվար էր,
Ես նորից հույսով ետ եկա.
Իմացիր, հոգիս, սերս վառ է,
Ինձ նման քեզ սիրող էլ չկա:

Առաջին այդ սիրուց, ահա, ես չունեմ դադար,
Բայց կապրես իմ երգում ոսկեվառ:

Սիրո Երգ

Փռվել էր շուրջը գարուն,
Եվ նազում էր կեչին,
Գարնան արևն էր բուրում 
Մեր համբույրն առաջին:

Զեփյուռն էր խաղում թփերում,
Վարսերդ մեղմիկ գուրգուրում,
Կրկնում էր երգիս հետ շարունակ` 
“Իմ անուշ, իմ միակ”:

Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում,
Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում,
Դու իմ սիրո արև, իմ բերկրանք, 
Իմ անուշ, իմ միակ:

Արդեն օրեր են անցել,
Միշտ ինձ հետ ես անգին,
Բայց մենք դեռ չենք մոռացել
Այն գարունն ու այգին:

Գնում ենք այնտեղ միասին 
Հիշում մեր համբույրն առաջին,
Կրկնում ենք մի ծանոթ եղանակ. 
“Իմ անուշ, իմ միակ”:

Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում…

Չքնաղ Երազ

Դու ինձ համար սիրո աղբյուր,
Ես քեզ համար՝ գուցե ոչինիչ։
Դու ինձ համար երազ մաքուր,
Ես քեզ համար՝ գուցե ոչինչ։

Հեռվի՜ց՝ ես քեզ գոնե՛ տեսնեմ, սիրեմ,
Որպես կյանքիս չքնաղ երազ։
Արեգակին պետք է հեռվի՜ց նայել,
Կայրի՛, եթե շատ մոտենաս։

Կյանքում դու միշտ ուրախ մնա,
Եւ միշտ եղիր պայծառ ու ջինջ։
Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
Ես քեզ համար՝ գուցե ոչինչ։

Հեռվի՜ց՝ ես քեզ գոնե՛ տեսնեմ, սիրեմ,
Որպես կյանքիս չքնաղ երազ։
Արեգակին պետք է հեռվի՜ց նայել,
Կայրի՛, եթե շատ մոտենաս։